ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼ` «ԻՆՉՊԵՍ ԶԻՋՈՒՄՆԵՐ ՉԱՆԵԼ ԱՄՆ-ԻՆ»

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼ` «ԻՆՉՊԵՍ ԶԻՋՈՒՄՆԵՐ ՉԱՆԵԼ ԱՄՆ-ԻՆ»
06.04.2010 | 00:00

Ժամանակին սևամորթ մեծ քաղաքական գործիչ Մարտին Լյութեր Քինգն ասել է. «Ես երազանք ունեմ», և սկսել է ԱՄՆ-ում իրավահավասարության համար պայքարը։ Կես դար անց ամերիկյան առաջին սևամորթ նախագահը նույնպես հայտարարեց իր երազանքի մասին. «Թոթափել 20-րդ դարի ժառանգությունը» և «երկրագունդը դարձնել միջուկային զենքից զերծ մոլորակ»։ Անցած տարի Օբաման հանդես եկավ միջուկազերծ աշխարհի հավակնոտ նախաձեռնությամբ, ավանսով Նոբելյան մրցանակ ստացավ և եռանդուն ձեռնամուխ եղավ իր «երազանքի» իրականացմանը։ Առավել ևս, որ առիթն էլ հիանալի էր. անցած տարվա դեկտեմբերին լրացավ Հարձակողական սպառազինությունների կրճատման (ՀՍԿ) պայմանագրի գործողության ժամկետը և հարկավոր էր նորն ընդունել։ Եվ այստեղ սկսվեց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բանակցությունների տևական, հյուծիչ ու ոլորապտույտ ուղին։ Այն դեպքում, երբ աշխատանքն անասելի շատ էր, իսկ ժամկետները` սեղմ (նախորդ պայմանագրերը համաձայնեցվում էին մի քանի տարի), ամենևին պարզ չէր` կհաջողվի՞, արդյոք, երկրների ղեկավարներին հաղթահարել տարաձայնություններն ու վիրավորանքները, ամբիցիաներն ու բարդույթները։ Նկատենք, որ կրճատման վերաբերյալ նոր համաձայնագիրը պետք է ներառեր նաև «վախի, հավասարակշռության» (զսպման հայեցակարգ) ծայրաստիճան կարևոր մի հատված, այն է` սպառազինությունների վերահսկողությունը։
Հիշեցնենք, որ ՀՍԿ նոր պայմանագրի շուրջ տեղի էին ունեցել բարձր մակարդակի 40 բանակցություն և 14 անձնական քննարկում նախագահ Օբամայի և նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև։ ՈՒ թեև համաշխարհային լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները մշտապես հաստատագրել են «համաձայնեցվածության նշաձողը», միշտ էլ չի հերիքել մի քանի վերջին ջանք վերջնական վճռի կայացման համար։ Բանակցությունների առավել բարդ հարցերից մեկը վերահսկողության և փոխադարձ ստուգումների մեխանիզմն էր և, իհարկե, արդեն ձանձրացրած հակահրթիռային պաշտպանությունը։ Փետրվարին անգամ սկսեց թվալ, թե կողմերը փոխհամաձայնության չեն հանգի, իսկ աշխարհը կներքաշվի միջուկային նոր դիմակայության մեջ։ Վաշինգտոնը «շատ հիասթափված» էր իր առաջարկություններին Մոսկվայի արձագանքից։ Իսկ Ռուսաստանում տենդագին կերպով փորձում են հաշվարկել` «ինչպես զիջումներ չանել ԱՄՆ-ին»։
Սակայն վերջերս «թեժ գծով» («սառը պատերազմի» ժամանակների տերմինաբանություն) հեռախոսային երկարատև խոսակցությունից հետո Օբաման ու Մեդվեդևը, շատերի համար անսպասելիորեն, դեն նետեցին տարաձայնություններն ու, ինչպես գրում են լրատվամիջոցները, ասացին անգլերեն. «եթե ուզում ես, որ ամեն ինչ արվի ինչպես հարկն է, ապա ինքդ արա դա»։ Ո՞վ ում վրա է «ճնշում գործադրել», ո՞վ ում է զիջել։ Ինչի՞ շուրջ է «սակարկություն» արվել։ Առայժմ այս ամենի մասին կարելի է միայն գուշակություններ անել։ Այդուամենայնիվ, հրապարակվել էին նոր պայմանագրի հիմնական դրույթները, պայմանագիր, որ Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման կստորագրեն ապրիլի 8-ին Պրահայում։
Ի՞նչ է թաքնված «աննախադեպ համաձայնություն», «քայլ դեպի ապագա», «ամուր գործակցություն» և այլ աղմկալի մակդիրների հետևում։ Ընդգծվում է, որ փաստաթղթում միջուկային մարտագլխիկների առավելագույն թիվը 30 տոկոսով պակաս է, քան ՀՍԿ նախորդ պայմանագրում` 1550-ական հատ։ Հիմա երկու միջուկային տերություններից յուրաքանչյուրին մնում է միջուկային զենքի 800-ական կրող միջոց (սրանք ցամաքային և ռազմանավային հրթիռների արձակման համակարգերն են, ինչպես նաև ռմբակոծիչներ)։ Դրանցից միայն 700-ը կգտնվեն օպերատիվ պատրաստության վիճակում, իսկ մնացած 100 միավորը կլինի պահեստային։ Ճշգրտվում է, որ կողմերն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ռազմավարական հարձակողական սպառազինությունների կազմն ու կառուցվածքը։ Նոր պայմանագրում դյուրացված է հսկողության համակարգը, վերացվել են մշտական տեսչական ստուգումները։ Այսպես, ռուսների համար հաջողություն կարելի է համարել այն, որ Վոտկինսկում, որտեղ գտնվում է «Тополь М» միջուկային հրթիռների արտադրության գործարանը, ամերիկյան հսկիչներ չեն լինի։ Ավելին, Մոսկվան կհաղորդի հրթիռների միայն հինգ արձակումների հեռաչափական տվյալները` իր հայեցողությամբ։ Պայմանագրի գործողության ժամկետը կկազմի 10 տարի։ Փաստաթղթի պայմանների պահպանման հսկողության համար ստեղծվում է հատուկ մարմին` Երկկողմ խորհրդատվական հանձնաժողով։
Այն բանից հետո, երբ կողմերը, վերջապես, կստորագրեն համաձայնագիրը, թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Ռուսաստանում ուշադրության կենտրոնը կտեղափոխվի Սենատ և Պետդումա։ Հաղորդվում է, որ ՀՍԿ պայմանագիրը վավերացնելու համար երկու երկրների խորհրդարաններ կմտցվի միաժամանակ` «նրա ստորագրումից անմիջապես հետո», այսինքն` արդեն ապրիլին։ (Ավելի վաղ խոսվում էր մինչև տարեվերջի ժամկետների մասին)։ Եվ այստեղ, հաշվի առնելով և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում խրամատավորված «սառը պատերազմի ասպետների» բանակը, ներառյալ նաև վարչակազմերում եղած դիրքորոշումները, չի բացառվում, որ ուրախությունը վաղաժամ դուրս գա։ Այսպես, Սենատի հանրապետական հատվածը կարող է հրաժարվել պայմանագիրը վավերացնելուց, եթե նրանում ոչնչացման միջոցների կրճատումը խստորեն պայմանավորված լինի հակահրթիռների և ռադարների կրճատմամբ։ Բացի այդ, նրանց անհանգստացնում է հսկողության հարցը։ Համարվում է, որ Ռուսաստանի ունեցած մարտագլխիկների թիվը միշտ է դժվար եղել հաստատել, իսկ հիմա` առավել ևս։ Իսկ դա, սենատորների կարծիքով, նշանակում է, որ «նա տեսականորեն կարող է կրող միջոցների վրա տեղադրել ավելի շատ մարտագլխիկներ և աննկատելիորեն գերազանցել պայմանագրով սահմանված նշաձողը»։ Իրենց հերթին, Ռուսաստանում քաղաքական շատ գործիչներ, և առաջին հերթին Պուտինը, իրավիճակը հաշվարկում են ճիշտ հակադիր մոտեցմամբ, և հայտարարում են, որ եթե հակահրթիռային պաշտպանության հետ կապված վիճակը չհաստատանշվի, ապա դա «ինքնաբերաբար դժվարություններ կստեղծի հետագա վավերացման համար»։
ՈՒշադրություն դարձնենք «թույլ օղակին»` նոր պայմանագրի գլխավոր ինտրիգին։ Ինչպես հայտնի է, Մոսկվան մեծ կասկածամտությամբ ու վախով է վերաբերվում հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հնարավոր տեխնիկական ճեղքմանը, քանի որ դա կարող է խարխլել և անգամ ի չիք դարձնել խորհրդային շրջանի միջուկային զսպման ռուսական հնացող ուժերը։ Անվտանգության բնագավառի ռուս փորձագետները սիրով են հիշում, որ «սառը պատերազմի» ժամանակաշրջանում սպառազինությունների վերահսկողությունը սկսվել էր հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագրի ստորագրումից, և նախատեսում էր հրաժարվել պաշտպանական զենքի ստեղծման աշխատանքներից։ Տրամաբանությունն այս էր. քանի որ կողմերից ոչ մեկը ոչ մի կերպ չի կարողանա պաշտպանվել միջուկային հարձակումից, ապա նրանք այլ ընտրություն չունեն, քան պայմանավորվածության գալը։ Այնուհետև, մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես ի հայտ եկան Խորհրդային Միությունը փլուզած «աստղային պատերազմները»։ Իսկ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն է՛լ ավելի արմատականորեն փոխեց ռազմավարական պատկերը, և առաջ բերեց Կրեմլի խիստ դժգոհությունը, երբ 2001-ին միակողմանի կարգով դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության պայմանագրից։ Բացի այդ, այսօրվա դրությամբ էական տարբերություն է նկատվում նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջուկային դոկտրիններում։ Պարզվում է, Ամերիկան ավելի ու ավելի քիչ է զգում միջուկային զենքի կարիքը, քանի որ նա ջանքերի կենտրոնը փոխադրում է գերճշգրիտ սովորական զինատեսակների վրա` ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական։ Իսկ Ռուսաստանն ավելի ու ավելի է կախման մեջ մնում միջուկային զսպման իր ուժերից։ Ելնելով դրանից, վերջերս Ռուսաստանը փոփոխություններ մտցրեց իր ռազմական դոկտրինում, իջեցնելով միջուկային զենքի կիրառման շեմը` անգամ իր սահմանների մոտակայքում հնարավոր կոնֆլիկտների ժամանակ։ Ինչպես կարծում են փորձագետները, միջուկային ուժերից կախման ուժեղացումը վկայում է, որ ռուս զինվորականները կարող են հանդես գալ հետագա կրճատումների դեմ, չնայած Մեդվեդևը հրապարակայնորեն պաշտպանեց միջուկային զենքի լիակատար արգելման վերաբերյալ Օբամայի քայլերը։ Բացի հրթիռային վահանից, Մոսկվան վախ է զգում նոր սովորական հարձակողական սպառազինություններից, որոնք մշակվում են Միացյալ Նահանգներում. արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս խոսեց ոչ միջուկային սպառազինությունների մասին, որոնք ունեն միջուկայինին գրեթե հավասար հզորություն։ (Խոսքը ԱՄՆ-ում ստեղծված հեռահար գերճշգրիտ զենքի մասին է, որն ընդունակ է ոչնչացնելու, փաստորեն, ցանկացած նպատակակետ)։
Նոր պայմանագրի մեջ ինչպե՞ս են արտացոլված այդ երկյուղները, և արդյոք գտնվե՞լ է կողմերի համար բաղձալի փոխհամաձայնություն։ Բավական դժվար է գլուխ հանել այս հարցից։ Ինչպես հայտնի է, պայմանագրի նախաբանում լինելու է մի նախադասություն, որով ընդունվում է կապի առկայությունը հարձակողական և պաշտպանական սպառազինությունների միջև։ Եվ միայն այսքանը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ամերիկյան «հակահրթիռային պաշտպանության համակարգի վրա պայմանագիրը ոչ մի սահմանափակում չի դնում»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վճռականորեն մերժել է այդ պնդումը։ Ընդունելով, որ Ռուսաստանը հակահրթիռային պաշտպանության բնագավառում իրականացվող հետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ծրագրերի վրա վետո դնելու իրավունք չունի, Լավրովը հայտարարել է, որ պայմանագրում «հստակորեն մատնանշված է» ռազմավարական հարձակողական և ռազմավարական պաշտպանական սպառազինությունների, ինչպես նաև նրանց «որակի ու քանակի» կապը։ Բացի այդ, նա պարզորոշ հասկացրել է, որ «Ռուսաստանը դուրս կգա պայմանագրից, եթե ԱՄՆ-ը շարունակի գլոբալ հակահրթիռային վահանի ստեղծումը»։
Սակայն հայտնի է, որ ԱՄՆ-ի մտքով իսկ չի անցնում հրաժարվել իր ծրագրերից։ Նա ավելի շատ զբաղված է պաշտպանության «նոր ուրվագծի» գովաբանմամբ, պատրաստվում է հակահրթիռային կայանքներ տեղադրել Լեհաստանում, նաև հակահրթիռային պաշտպանության համալիրներ` առնվազն Ռումինիայի ու Բուլղարիայի տարածքներում։ Վերջերս վերստին սկսեցին խոսել Ադրբեջանի Գաբալայի կայանի հնարավոր օգտագործման մասին, ճիշտ է, Ռուսաստանի հետ մեկտեղ։ Այսինքն, ակնհայտ է, որ ՀՍԿ պայմանագրի ստորագրումից հետո էլ այդ «անհարմար թեման» չի անհետանա օրակարգից։ Իսկ Ռուսաստանը, ձգտելով կասեցնել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ծավալումը, հնարավորինս կօգտագործի այդ պայմանագիրը, ավելի ճիշտ նրա նախաբանը։ Դրա հետևանքով, փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ը կիրականացնի Արևելյան Եվրոպայի իր պլանները, իսկ ի պատասխան` Ռուսաստանը դուրս կգա ՀՍԿ նոր պայմանագրից, վկայակոչելով «համաձայնագրի ոգու» խախտումը։ Ի՞նչ կհետևի դրան։ Ըստ երևույթին, ոչ մի լավ բան։
Այդուամենայնիվ, այսօրվա դրությամբ հարկ է արձանագրել, որ առայժմ «հաղթանակել է բարեկամությունը»։ Առավել ևս, որ պայմանագրով, օբյեկտիվորեն, շահագրգռված են ինչպես երկու երկրները, այնպես էլ երկու նախագահները։ Օբամային այդ պայմանագիրը պետք է որպես կարևոր քայլ իր գաղափարի իրականացման` միջուկազերծ աշխարհի ստեղծման ճանապարհին, իսկ Մեդվեդևին` քանի որ Ռուսաստանն արդեն չի կարող իրեն թույլ տալ պահելու այնպիսի զինանոցներ, ինչպիսիք կային Խորհրդային Միությունում։ (ՌԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Ռոգովն ասում է, որ նոր պայմանագիրը «դաժան անհրաժեշտություն» է Ռուսաստանի համար)։ Բացի այդ, առկա է վարկի հանգամանքը. ՀՍԿ պայմանագիրն օգնում է ստեղծելու Ռուսաստանի կերպարը որպես գլոբալ ռազմավարական հաշվեկշռի պահպանման գործում ԱՄՆ-ի գլխավոր զրուցակցի։ Եվ դա, համապատասխանաբար, բարձրացնում է նրա հեղինակությունն ու կարգավիճակը որպես միջուկային գերտերության։ Ի դեպ, նաև պետության ղեկավարի անձնական հեղինակությունը։ Չէ՞ որ Ռուսաստանի բնակչության մտքում ամուր կերպով կհաստատվի այն կարծիքը, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը Մեդվեդևի նախագիծն է։ Եվ եթե դա լռվի-մնա, կամ եթե ռուսները մտածեն, թե ամերիկացիները նորից ինչ-որ կերպ «քաշեցին» Մոսկվային, ապա արդեն Մեդվեդևը պետք է տուժող դուրս գա։
Իսկ ինչ վերաբերում է Օբամային, ապա նրա համար էլ ՀՍԿ հարցն արմատական է։ Նախ, ինչպես նշվում է, դա նրա «առաջին խոշոր արտաքին քաղաքական հաղթանակն է»։ Բացի այդ, նա հույս ունի, որ պայմանագիրը կխթանի միջուկային անվտանգությանը նվիրված առաջիկա երկու գագաթաժողովներին։ Ապրիլի 12-ին Վաշինգտոնի խորհրդաժողովում, որին մասնակցելու է 40 պետություն, առանց ստորագրված պայմանագրի երևալը Օբամայի հեղինակությանը ծանրագույն հարված կլիներ։ Միանգամայն հնարավոր է, որ հենց այդ սպառնալիքի պատճառով էլ թե՛ երկար խոսակցություններ են եղել և թե՛ աննշան զիջումներ ռուսներին։ Ավելին։ Եթե հաշվի առնենք, որ ամբողջ աշխարհում աճում է շահագրգռությունը միջուկային հզորության նկատմամբ, իսկ Իրանը «գայթակղիչ օրինակ» է տվել, թե ինչպես կարելի է ջնջել սահմանը միջուկային էներգետիկայի և միջուկային զենքի միջև, հասկանալի է դառնում, որ «չտարածման» խնդիրը 21-րդ դարում օրհասական է դառնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար։ Ռուսաստանի հետ նոր պայմանագիր ստորագրելով սպառազինությունների կրճատման վերաբերյալ` ԱՄՆ-ը լիակատար իրավունք կստանա հայտարարելու, որ ինքը ոչ միայն ինչ-որ միջոցառումներ է պահանջում այլ երկրներից, այլև ինքն էլ է որոշակի քայլեր ձեռնարկում։ Եվ այդ ամենով հանդերձ, թեև ոմանք պնդում են, թե ՀՍԿ պայմանագիրը պատկառելի քայլ է «զրոյական տարբերակի» (միջուկային զենքից զերծ աշխարհի) ճանապարհին, բանակցային բարդ գործընթացի նկատմամբ հետադարձ հայացքը ցույց է տալիս, որ դրանք միանգամայն զուգորդված են գործնական և անգամ անձնական նպատակների հետ։
Եվ այստեղ հարց է ծագում` կարո՞ղ ենք, արդյոք, մենք հիմա պնդել, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև տևական և ամուր խաղաղություն է հաստատվել, իսկ Օբամայի և Մեդվեդևի միջև` «լիակատար փոխըմբռնում», և միաժամանակ աշխարհն ավելի ապահով է դարձել։ Առայժմ, ինչպես թվում է, դրա համար կայուն հիմքեր չկան։ Ոչ ոք չի արգելում երազել, բայց, ինչպես ակնհայտորեն ցուցադրում է ամերիկա-ռուսական փոխհարաբերությունների նախընթաց պատմությունը, սպառազինությունների վերահսկողությանն ու կրճատմանը նվիրված պայմանագրերը շատ երերուն հիմք են երկարաժամկետ և կայուն գործընկերության համար (հիշենք Բուշի ու Պուտինի «բարեկամությունը»)։ Ամբողջ հույսը, թե բանակցություններում ստեղծված «բարի կամքի» պաշարը կօգնի ամրապնդել ռուս-ամերիկյան հարաբերություններն ընդհանրապես, ամենայն հավանականությամբ, շատ արագ կփշրվեն` բախվելով հրատապ պրոբլեմների ժայռին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ